Armeens
Մատյան ողբերգության․ տաղեր
Նարեկացի, Գրիգոր • Literatuur
1979 , Երևան, Սովետական գրող (M-LIT NARG 1979)
Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես.
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղ նվերն այս դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ։
Սակայն կնայես նրան, ո՜վ գթած,
Ու կհոտոտես ավելի սիրով,
Քան պատարագն այն բոլորանվեր,
Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ.
Ընդունի՛ր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի
Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ։
Մտքիս խոհածուփ սենյակի խորքից
Սրտիս անձկությամբ ելած կամավոր նվերն իմ այս թող,
Որպես բանական զոհաբերություն,
Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ,
Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ։
Աղերսախառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզոր,
Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ,
Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր
Ամբարշտացած Հակոբի ցեղի,
Ըստ մարգարեի ամբաստանության,
Կամ թե սաղմոսի առակում հիշված
Անիրավությունն այն Բաբելոնի.
Ընդունելի թող լինի կամքին քո,
Ինչպես Սելովի խնկաբուրումն այն՝ Դավթի խորանում,
Կերտված ի հանգիստ սուրբ տապանակի,
Որն իր վերստին գերեդարձությամբ
Ասես նաև իմ կորուսյալ հոգու
Վերագտնումն է խորհրդանշել։
Ook online
PDF bekijken